ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, տխրեցրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Այսօր՝ հունվարի 27-ին, Արմեն Աշոտյանն անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառմանը, գրել է.
«Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ոչ հեռավոր ընդհանուր քաղաքական ուղին պետք է թելադրի նաեւ մարդկային փոխհարաբերությունների նվազագույն մակարդակ:
Նախկին վարչապետի ֆեյսբուքյան վերջին երկու գրառումները տխրեցրեցին ինձ: Իհարկե, ամեն մեկն ինքն է իր ճանապարհի, տվյալ դեպքում՝ հունի, տերը: Ոչինչ հավերժ չէ, սակայն պետք է պահել հրապարակային կյանքի ընդունելի ձեւաչափ:
Հատկապես, երբ խոսքը գնում է քո նախկին թիմի, քո նախկին թիմակիցների եւ քո նախկին քաղաքական եւ ներկա պետական ղեկավարի մասին: Ոչ մի մանդատ, ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն չի կարող արդարացում լինել անցած ճանապարհը մոռանալու եւ կեցվածք փոխելու համար:
Մարդիկ դա ճիշտ չեն համարում եւ չեն հասկանում: Բոլորը: Մասնավորապես, նախկին թիմակիցներդ, ում հետ կիսած հացի արժեքն ու անցած ճանապարհը, մեկ է, առվակների ցանկացած հունի դեպքում, տանելու է դեպի անցյալ, որ բախվում է ներկային եւ մշուշոտ դարձնում ապագան:
Հուսամ, մինչեւ բուն քարոզարշավ նման առիթով կրկին հանդես գալու կարիք չի լինի»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 26-ին, տեղի ունեցած ՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությանն ասելով հետեւյալը. «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր. «Ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Նշենք, որ հունվարի 25-ին, Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից:




























