Փաստաբանների պալատում փաստաբանների նկատմամբ հետապնդումները շարունակվում են:
Օրերս Պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին գրություն է ուղարկել, որով հարցրել է, թե կարգապահական նախապատրաստող անձի թեկնածու Արմեն Սողոմոնյանի եւ «Սահմանադրական իրավունք» կուսակցության միջեւ առկա եղե՞լ է աշխատանքային հարաբերություններ, թե ոչ (2000-2007 թվականներին), եթե այո, ապա՝ ե՞րբ եւ ի՞նչ հիմքով, ի՞նչ պաշտոնում եւ որքա՞ն աշխատավարձով են աշխատանքային հարաբերությունները ծագել: Աշխատակազմի ղեկավարը նաեւ նշել է, որ փաստաբանն իր կենսագրական թերթիկում նշել է, որ 2000 թվականից 2007 թվականն աշխատել է կուսակցությունում եւ տեղեկանք է ներկայացրել, որ հասարակական հիմունքներով է աշխատել:
«Մեր տեղեկություններով 2000թ. սկզբին Արմեն Սողոմոնյանը դատապարտվել է նախկին ՀՀ Քրեական օրենսգրքի 103 հոդվածով նախատեսված անզգույշ սպանության համար եւ կալանավորված է եղել»,- ասվում է դիմումի մեջ:
«Սահմանադրական իրավունքը» իր պատասխանի մեջ հաստատել է, որ Արմեն Սողոմոնյանն իսկապես 2000-2007թթ. աշխատել է իրենց կուսակցության Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում` հասարակական հիմունքներով:
«Ինչ վերաբերում է այն հարցին` արդյոք եղել են աշխատանքային հարաբերություններ, նշենք, որ այդ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալների բազան կուսակցությունում պահպանված չէ»,- ասվում է պատասխանի մեջ:
Արմեն Սողոմոնյանը Փաստաբանական պալատի գործելաոճը որակեց «ստոր հետապնդում» իր անձի նկատմամբ: Նա ընդգծեց, որ իր անցյալի հետ որեւէ խնդիր չունի եւ նույնիսկ հպարտ է եւ ուրախ իր անցյալով:
«Միջադեպը եղել է 1999թ.-ին, ոչ թե 2000թ.-ին, ինչպես իրենք փորձում են սեւ գույներով ներկայացնել: Տարին ունի 12 ամիս եւ 2000թ.-ը միայն հունվարով չի սահմանափակվում, ոնց որ իրենց կարճ մտածելակերպով են փորձում մեկնաբանել եւ ներկայացնել: Ես 2000թ.-ից ազատվել եմ, աշխատել եմ «Սահմանադրական իրավունք»-ում եւ ներկայացրել եմ տարբեր անձանց շահերը դատարաններում եւ քննչական մարմիններում որպես տուժողի ներկայացուցիչ: Հետագայում համապատասխան քննություններով 2007թ.-ն դարձել եմ փաստաբան, իսկ հետապնդման հիմքում դրված է իմ թեկնածությունը դնելը` որպես կարգապահական վարույթ նախապատրաստող, ինչպես նաեւ խորհրդի հարցում, որովհետեւ ես թեկնածուներ Տիգրան Աթանեսյանի, Երվանդ Վարոսյանի եւ մյուսների ընկերն եմ, ես դա չեմ էլ թաքցնում եւ հպարտ ու ուրախ եմ, որ իմ ընկերներն են: Սա է պատճառը, որ նրանք իրենց կեղտոտ քայելորվ փորձում են սեւացնել այս ամենը եւ իմ կամ իմ ընկերների վրա որեւէ բիծ գցել, բայց դա նրանց մոտ չի ստացվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սողոմոնյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նույնպես Փաստաբանների պալատի այս քայլը հետապնդում է համարում: Ավելին, նա կարծում է, որ Արմեն Սողոմոնյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում, քանի որ իր մտերիմ ընկերն է. «Արմեն Սողոմոնյանի նկատմամբ տեղի է ունեցել անպարկեշտ, անթույլատրելի քայլ, դա կապում եմ ոչ այնքան Արմեն Սողոմոնյանի առաջադրվելու, այլ իմ առաջադրման հետ, որովհետեւ մտերիմ ընկերներ ենք եւ նախորդ ընտրություններում նա եղել է իմ վստահված անձը: Սա անուղղակի համարում եմ հարված ոչ միայն Արմեն Սողոմոնյանին, այլեւ ինձ»:
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Փաստաբանների պակատը հետապնդում է իրականացնում փաստաբանների նկատմամբ: Նախորդ մի քանի տարիներին փաստաբաններ Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի նկատմամբ պալատը կարգապահական վարույթներ էր հարուցել, որոնք ներկայումս բողոքարկվում են դատարանում։ Պալատի խորհուրդը որոշել էր պատժել փաստաբան Երվանդ Վարոսյանին իր ֆեյսբուքյան էջում կատարած ոչ հասցեական գրառման համար։ Այնուհետեւ արդեն լրատվամիջոցներից մեկով մի քանի պատվիրված հոդվածներ էին հրապարակվել այդ փաստաբանների դեմ, սակայն կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ այդ հոդվածները պատվիրվել էին այն ժամանակվա մամուլի խոսնակի կողմից, որը չէր կարող իր գործողությունները համաձայնեցրած չլիներ պալատի խորհրդի նախագահի հետ։




























