Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը անժամկետ հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, նա հայտարարել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ներսես Պողոսյանը բողոքում է դատարանի՝ իր կալանքը երկու ամսով երկարացնելու դատարանի որոշման դեմ, նա հացադուլ եւ ջրադուլ հայտարարելու որոշում կայացրել է հենց դատարանում՝ դատարանի որոշումից հետո:
Նշենք, որ Ներսես Պողոսյանը առողջական խնդիրներ ունի, նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը ահազանգել էր, որ 30 օր տեւած հացադուլից հետո նա սրտի, ոտքերի եւ տեսողության հետ կապված խնդիրներ ունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ներսես Պողոսյանը 30 օր տեւած հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:




























