Արցախում հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած Հրանտ Գրիգորյանի գործն արդեն դատարանում է: Դատավարությունն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն, այն արդեն մի քանի անգամ հետաձգվել է` տարբեր պատճառաբանություններով, այդ թվում` տուժող կողմի բացակայության: NEWS.am-ի հետ զրույցում սպանված զինծառայողի հայրը` Գարուշ Գրիգորյանը, նշեց, որ ընտանիքը ամեն անգամ Ստեփանակերտ հասնելու համար ֆինանսական միջոցներ չունի եւ պահանջում է, որ իր որդու մահվան գործով դատավարությունն անցկացվի Հայաստանում:
«Իմ երեխեն գրանցված ա Սյունիքում, ի՞նչ օրենքով ա դատը Ղարաբաղում գնում։ Թող բերեն, Հայաստանում անցկացնեն, ես չեմ կարող ամեն անգամ հասնել Ստեփանակերտ, ու ինչ-որ բանի համար անընդհատ հետաձգեն դատը, ես ի՞նչ միջոցներով ամեն անգամ հասնեմ այնտեղ»,- ասաց նա:
Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:
Նշենք, որ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:
Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:
Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:




























