Արարատի մարզի Սուրենավան գյուղում 1,5 տարի առաջ գյուրզա տեսակի օձի խայթոցից մահացած 54-ամյա Կարինե Հարությունյանի գործոն նոր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը:
«Փորձաքննությանը եզրակացությանն ենք այժմ սպասում»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ շուրջ 1 տարի քննություն իրականացնելուց հետո այս դեպքով հարուցված քրեական գործը կարճվել էր, քանի որ բժշկական սխալ չէր հայտնաբերվել: Սակայն ավելի ուշ, դատախազի որոշմամբ այս գործն ուղարկվել է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում 2015 թվականի օգոստոսի 17-ին Սուրենավանի բնակչուհի 54-ամյա Կարինե Հարությունյանին օձ է խայթել, երբ նա աշխատելիս է եղել տնամերձ հողամասում։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւան, որտեղ էլ կինը 2 օր անց մահացել է: Կարինե Հարությունյանի հարազատները պնդում են, որ «Արարատ» բժշկական կենտրոնի աշխատակիցները պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել կնոջը:
«Արարատ» ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Կարինե Հարությունյանին անհրաժեշտ բոլոր ներարկումներն արվել են, սակայն կնոջ վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան տեղափոխել են Երեւան:
54-ամյա կնոջ մահվան դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մաս):




























