Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 3-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու եւ փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով դատական նիստը հետաձգվեց:
NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ դատավորի պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Արա Ղազարյանը միջնորդեցին իրենց տրամադրել գործում առկա նյութերը, այդ թվում Բարսեղյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, կաշառքի նմանակում օպերացիան եւ մյուս ապացույցները լազերային սկավառակների պատճենների տեսքով: Ըստ Արա Ղազարյանի` նյութերի չտրամադրմամբ խախտվում է Իշխան Բարսեղյանի իրավունքը:
Մեղադրող կողմը տասը րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո դեմ արտահայտվեց միջնորդությանը: Դատախազ Դավթյանի պնդմամբ, բոլոր փաստական նյութերը տրվել է պաշտպանական կողմին, հետեւաբար պաշտպանները զրկված չեն եղել դրանց ծանոթանալուց եւ անհրաժեշտության դեպքում միջնորդություններ ներկայացնելուց:
«Իմ համոզմամբ, միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման: Ավելին, իմ համոզմամբ, պաշտպանական կողմը սայթաքել է եւ այժմ փորձում է դա ուղղել»,- ասաց դատախազը:
Իշխան Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Գրիգորյանն առարկեց` մեղադրողը մեղմ ասած պատկերացում չունի պաշտպանական կողմի մարտավարության մասին:
«Հարգելի մեղադրողն ասում է` քննչական մարմինը պարտավոր չէր տրամադրել, սակայն տրամադրել, հիմա օրենք է խախտել քննիչը, թե ոչ: Սակայն, ամբաստանյալը պետք է ստանա բոլոր նյութերը` իր մարտավարությունը կառուցելու ու պաշտպանությունն ապահովելու համար: Հետեւաբար, պաշտպանական կողմը պետք է ստանա բոլոր նյութերը»,- ասաց փաստաբանը, որն ի դեպ նախկին դատավոր է:
Մեղադրողը կրկին պնդեց իր մոտեցումը` բոլոր նյութերը նրանք ստացել են, երբ ներկայացվել են դրանք ծանոթացման:
Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ որոշեց այդ նյութերը տրամադրել պաշտպանական կողմին:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին:
Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:


























