Պայմանական վաղաժամկետ ազատման կարգը պետք է գործուն դարձնել: Այս մասին փետրվարի 3-ին՝ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Քրեակատարողական եւ քրեադատավարական օրենսգրքերում կատարված փոփոխությունների օրինագիծը ներկայացնելոս հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունները դատավորներին կօգնեն հստակ գնահատել՝ դատապարտյալը ենթակա՞ է վաղաժամկետ ազատման նվազագույն պատիժը կրելուց հետո: Դատարանը կարող է նման որոշում կայացնել, եթե գտնի, որ դատապարտյալը բարձր կարգապահություն է դրսեւորել, կրկնելու կասկած չի առաջացնում, իսկ պատճառած վնասը փոխհատուցել է կամ պարտավորվել է փոխհատուցել:

Նախարարը նշեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ պայմանական ազատումները տարեցտարի ավելի հազվադեպ են դառնում: Դա կարելի է բացատրել ընթացակարգերի բարդությամբ, օրենսդրության հստակության անբավարարությամբ: «Տվյալ ինստիտուտի կարեւորությունը հաշվի առնելով՝ պետք է այն կրկին ծառայեցնել հասարակությանը»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը: