Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին կնոջը դանակի 30 հարվածով սպանելու մեղադրանքով 11 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արտակ Առաքելյանի պատիժը խստացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել:
Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը եւս մերժել էր սպանված Հեղինե Դարբազյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանի բողոքը:
Արտակ Առաքելյանը օգոստոսի 23-ին դատապարտվել էր 11 տարի եւ 6 ամիս ազատազրկման: Դատարանը նաեւ նրանից բռնագանձել էր 1.600.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում նրա սպանված կնոջ՝ Հեղինե Դարբազյանի թաղման արարողության համար:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում էր սպառնում:


























