«Կոկա կոլա բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»: 

Նրա խոսքով՝ McDonald's Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonald's-ի գործընկեր, ուստի հնարավորություն ունի փոխադարձ պայմանագրի հիման վրա այն երկիր մտնել, որտեղ այս ռեստորանային ցանցը չկա:

Չկոնիայի հայտարարությամբ՝ փետրվարի 7-ին Հայաստան կմեկնի McDonald's Georgia-ի պատվիրակությունը: Այցի շրջանակներում կորոշվի, թե կոնկրետ որտեղ են ռեստորանը կառուցելու եւ տեղի տրամադրման հետ կապված հարցերը:

«Միայն արտոնագրի ստացումը չի նշանակում, որ McDonald's Georgia-ն արդեն կառուցվել է, հիմա մենք ավելի լուրջ աշխատանք պիտի կատարենք: Անհրաժեշտ է կարգավորել իրավաբանական հարցերը»,- ասել է գործարարը:

Նա հայտարարել է, որ ընթացիկ տարում Երեւանում ռեստորանի անմիջական շինարարությունը կսկսվի: Նրա տեղեկացմամբ՝ նախնական փուլում ծրագրվել է 3-4 ռեստորան բացել: Չկոնիայի խոսքով՝ մեկ օբյեկտի բացումն արժե մոտ 2,5-3 մլն եվրո:

Վրաստանում McDonald's Georgia-ի առաջին ռեստորանը բացվել է 1999 թվականին: Ներկայումս ցանցը ներկայացված է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Քութայիսում, Բաթումում եւ Զուգդիդիում: 2016-ի սեպտեմբերի սկզբին McDonald's-ի նոր մասնաճյուղ կբացվի նաեւ Ռուսթավիում: