ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ փետրվարի 7-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին եւ մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ պատմականորեն ձեւավորված հայ-թաիլանդական բարեկամական ամուր հարաբերությունների վրա հիմնված կապերը Հայաստանի անկախացումից հետո շարունակում են զարգանալ նույն ոգով, նախագահը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել փոխգործակցությանը՝ նկատի առնելով ամենատարբեր ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն ու ստեղծված նախադրյալները:

Դեսպան Քիթիչայսերին նշել է, որ արդեն մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Հայաստանում՝ հայ-թաիլանդական առեւտրատնտեսական կապերն ամրապնդելու եւ համագործակցությունը փոխշահավետ ու հեռանկարային մի շարք ոլորտներում՝ ոսկերչություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, դեղագործություն եւ այլն, զարգացնելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու համար:

Դեսպանը եւ ՀՀ նախագահը երկուստեք գոհունակությամբ են խոսել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու բարեկամ երկրների փոխգործակցության մասին:

Թաիլանդի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է ԵՏՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում եւ այդ նպատակով ակնկալում է Միության անդամ Հայաստանի աջակցությունը եւս: