ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրությունը եւ Եվրոպայի շատ երկրներում տեղի ունեցողը ազգայնական ամբոխահաճություն է, որը նկատվում է մասնավորապես Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունգարիայում եւ այլ եվրոպական երկրներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, «Նոր անորոշություններ ԵՄ-ի ու եվրոպական անվտանգության համար» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ նշել է «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ դրա ամենալուրջ ահազանգը բրիտանական «Բրեքսիթն» էր:

Նրա խոսքով, Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունը տնտեսական պրոտեկցիոնիզմի արտացոլում է. «Ավտորիտար եւ տոտալիտար երկրներում գործում է «պաշտպանել արտադրողի շահերը» սկզբունքը, իսկ ազատ երկրներում՝ «պաշտպանել սպառողի շահերը», ԱՄՆ-ը առաջնորդվել է այս սկզբունքով, ԵՄ-ն է ստեղծվել այդ սկզբունքի հիման վրա, այնինչ ներկայումս ԱՄՆ-ը գլոբալիզացիոն պրոցեսների դեմ է դուրս գալիս: ԱՄՆ-ը ներկայումս կարծես թե անցնում է տնտեսական քաղաքականության պրոտեկցիոնիզմի սկզբունքին, դա լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքներ է ունենալու: Եթե սրան ավելացնենք «Բրեքսիթի» տնտեսական հետեւանքները, ապա կստանանք բացարձակապես նոր իրավիճակ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Անդրադառնալով Եվրոպայի անվտանգության խնդիրներին, Շահնազարյանը նշեց. «Եվրոպայում բավական խոր ճգնաժամ է՝ բարոյական, քաղաքական: Լիբերալ դեմոկրատիան է լուրջ ճգնաժամի մեջ: Ի՞նչ կլինի այս իրավիճակում: Տեսնում ենք, որ եվրոպացիները հասկանում են, որ իրենց անվտանգության մասին իրենք պետք է մտածեն, առայժմ գործողություններ չենք տեսնում, առանձին երկրներում արդեն իսկ հայտարարություններ կան այն մասին, թե ինչ կլինի անվտանգության համակարգերի հետ: ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա տանդեմը կգործի եւ առաջատար կլինի այդ իմաստով: Եվրոպայի անվտանգության խնդիրների պատասխանատվությունն իր վրա է վերցնելու Գերմանիա: Կկարողանա՞ Գերմանիան իրականացնել դա, մեծ հարց է: Գերմանիան ստիպված է լինելու դառնալ միջուկային երկիր, եթե այսպես շարունակվի»: