Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղադրվելիք տեսախցիկների հետ կապված մի քանի խնդիր կա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով (իշխանական կոալիցիա, ընդդիմություն եւ հասարակական կազմակերպություններ) բանակցություններին մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ Դանիել Իոնիսյանը:
«Նախ, ընտրական տեղամասեր կան, որոնք դուրս են մնալու տեսանկարահանումից: Երկրորդ, այն, որ հնարավոր է տեսախցիկը մի վայրում տեղադրվի, հետո վերջին օրը հանձնաժողովը որոշում կայացնի լրիվ այլ սենյակում իրականացնել քվեարկությունը, սա նշանակում է՝ տեսախցիկը դատարկ դահլիճ կնկարահանի, որովհետեւ մեկ օրում դժվար թե հասցնեն փոխել տեսախցիկի վայրը: Եվ ամենակարեւորը, տեսանկարահանման տապալումը ոչ մի հիմք չի՝ կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքները»,- ասաց նա:
Դանիել Իոնիսյանի խոսքով՝ իրենց մտահոգությունն այն է, որ եթե ինչ-որ մեկն ուզի հանցագործություն անել, հեշտությամբ կարող է անջատել տեսախցիկի լարն ու այդպես տապալել գործընթացը. «Այնուամենայնիվ, ազնվությամբ պետք է նշել, որ չեղածից լավ է, պետք է դա արձանագրել»:
Նշենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին 1500 ընտրական տեղամասերում կտեղադրվի մեկական տեսախցիկ: «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն հատկացնում է Եվրամիությունը, իսկ մնացածը` պետությունը: Նշենք, որ ԵՄ-ն մինչ այդ պատրաստ էր տրամադրել ընդամենը 1 մլն 600 հազար եվրո:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում էր 2-ական տեսախցիկ տեղադրել, սակայն դրա համար մրցույթին մասնակցած ընկերությունը պահանջեց 3 մլն 800 հազար եվրո, որը, սակայն, կողմերը չկարողացան գտնել:



























