Արցախում հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած Հրանտ Գրիգորյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է: NEWS.am-ի հետ զրույցում սպանված զինծառայողի հայրը` Գարուշ Գրիգորյանը, նշեց, որ այն հետաձգվել է գործում հանրային պաշտպանի ներգրավման պատճառով:

«Ինձ հանրային պաշտպան են տրամադրել, գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանը խնդրել է նիստը հետաձգել: Բացի այդ, ես չէի ներկայացել նիստին, որովհետեւ ամեն անգամ Արցախ հասնելու միջոցներ չունեմ: Ոչ կինս, ոչ էլ ես չենք աշխատում, դիմել եմ, որ գոնե ճանապարհի ծախսը իրենք հոգան»,-ասաց նա:

Գործով հաջորդ դատականի նիստը տեղի կունենա մարտի 9-ին՝ Լեռնային Ղարաբաղի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել հրամանատարին՝ ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:

Նշենք, որ  Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:

Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: