Մահացած հղի Նարինե Շարոյանի գործով վկա Արմեն Վարդանյանը, որին պաշտպանական կողմը մեղադրում է կատարվածի մեջ, հանդես է եկել հայտարարությամբ:

NEWS.am-ի խմբագրություն ուղարկած նամակով Արմեն Վարդանյանը պատասխանել է ամբաստանյալ Հասմիկ Հակոբյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի այն հայտարարությանը, թե կատարվածի մեղավորը հենց ինքն է:

«Հղի Նարինե Շարոյանի գործով փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հանդես է գալիս որպես մեղադրո՞ղ, թե՞ պաշտպան` չունենալով որեւէ ապացույց, որ Արմեն Վարդանյանը տվել է վկայություն եւ անմիջապես հեռացել երկրից: Նա պատասխանել է եւ դատարանի, եւ մեղադրողի, եւ փաստաբանի փոխարեն: Վարդանյանը 2014թ.-ից մինչեւ 2015թ. սեպտեմբեր եղել է Հայաստանում եւ մասնակցել Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստին, որին չի մասնակցել հերթապահող բժշկուհի Հասմիկ Հակոբյանը: Արմեն Վարդանյանը ցուցմունք է տվել, մասնակցել բոլոր դատական նիստերին, որից հետո միայն ընտանիքի հետ հեռացել Հայաստանից: Նա կարող էր ավելի շուտ գնալ, բայց ցուցմունք տալուց հետո միայն մեկնեց: Արմեն Վարդանյանը 2016թ. հունիսին մեկ շաբաթով է եկել Հայաստան: Կրոմվել Գրիգորյանն ասում է, որ իմացել է բողոքի մասին, դրա համար է գնացել, բայց չկա նման բան:

Այժմ բուն գործի մասին: Բժշկուհի Հասմիկ Հակոբյանը հերթապահել է դեպքի օրը, բայց ինչպե՞ս կարող է 70-ամյա թոշակառուն հերթապահություն անել: Հասմիկ Հակոբյանը պետք է կոնսիլիում հրավիրեր` ինֆեկցիոնիստ, հերթապահ թերապեւտ եւ գլխավոր բժշկի տեղակալին, եթե թունավորում կար եւ լուծեր հարցը հոսպիտալացնելով հղիին: Սակայն Հասմիկ Հակոբյանը պատշաճ հետազոտություն չի կատարել, ինֆեկցիոնիստի խորհրդատվություն չի հրավիրել, սխալ ախտորոշում է տվել, ավելին ոչ մի անգամ ինֆեկցիոն բաժանմունքում չի եղել»,- ասվում է Վարդանյանի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կրոմվել Գրիգորյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Մենք շարունակում ենք մնալ մեր դիրքորոշմանը, քրեական հետապնդում պետք է իրականացվի գինեկոլոգ Արմեն Վարդանյանի նկատմամբ, որը դատաքննության ժամանակ ցուցմունքը թողել էր կիսատ եւ փախել երկրից: Արմեն Վարդանյանը վերջերս նորից Հայաստան էր եկել, դիմում էր գրել, որ վերադառնա իր հին աշխատանքին, սակայն իմանալով, որ ես վերաքննիչ բողոք եմ ներկայացրել` դիմել էր փախուստի կրկին: Իմ պաշտպանյալը տուժողի մահվան հետ որեւէ կապ չունի, Արմեն Վարդանյանն է մեղավոր»:

Ըստ պաշտպանական կողմի` Հասմիկ Հակոբյանը հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելուց առաջ խորհրդակցել է այդ օրը բաժանմունքի պատասխանատու հանդիսացող Արմեն Վարդանյանի հետ: Արմեն Վարդանյանը պնդում էր, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք: Հասմիկ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել էր նաեւ, որ Արմեն Վարդանյանը  վիրահատության ժամանակ չի կարողացել կանգնեցնել արնահոսությունը։ Բժշկուհու համոզմամբ՝ մեղավորությունը փորձում են իր վրա բարդել, որովհետեւ իր մասնագիտական կարիերան թոշակի անցնելու պատճառով ավարտվել է, մինչդեռ մյուս բժիշկները երիտասարդ են, եւ եթե պարզվի, որ մեղավոր են, չեն կարողանա շարունակել աշխատել:

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Արմավիր» ԲԿ նախկին բժշկուհի, գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել Մեծամորի բնակչուհի, հղի Նարինե Շարոյանի մահվան մեջ ու դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի կայացրած որոշումն ու գործը հետ ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Հիշեցնենք, որ 28-ամյա Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:

Ըստ փորձաքննության եզրակացության` «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Փորձագետների կարծիքով, Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։