Disney ընկերությունը հարաբերությունները խզել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող եւ հայտնի բլոգեր ՊյուԴիՊայի հետ՝ նրան հակասեմիթիզմի մեջ կասկածելու պատճառով, փոխանցում է BBC-ն: 

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՊյուԴիՊայի ալիքում նացիզմին կատարված հղումներով եւ հակասեմիթական պատկերներով հոլովակ է հայտնվել:

ՊյուԴիՊայը (իսկական անունն է Ֆելիքս Չելբերգ, նա Շվեդիայից է) ընդունել է, որ հոլովակները վիրավորական էին, բայց հայտարարել է, որ որեւէ մեկի հանդեպ ազգային պատճառով ատելություն չի տածում:

ՊյուԴիՊայի ալիքը առաջատար է դիտումների՝ ավելի քան 14 մլրդ եւ բաժանորդների՝ ավելի քան 52 մլն թվով: Անցյալ տարի նա 15 մլն դոլար է վաստակել:

Disney ընկերության հետ բլոգերը կապված է միջնորդի՝ Maker Studios-ի միջոցով: Ընկերությունն աշխատում է YouTube-ի աստղերի հետ՝ նրանց տեսաալիքներով գովազդներ հեռարձակելով:

«Ֆելիքսը չափազանց հեռու է գնացել, արդյունքում նրա հոլովակներն անընդունելի են դարձել»,- հայտարարել են Maker Studios-ից:

Հոլովակներից մեկում երկու հնդկացի (որոնց ՊյուԴիՊայը վճարել է) պաստառ են բռնել հրեաների մահվան ցանկությամբ:

Քննադատությանն ի պատասխան՝ բլոգերը հայտարարել է, թե փորձել է ցույց տալ, որ «ժամանակակից աշխարհն այնքան է խելագարվել, որ մարդիկ 5 դոլարի դիմաց պատրաստ են ցանկացած բան ասելուն»: