Այսօր` նոյեմբերի 8-ին Լոս Անջելեսի «Հայ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանություն» ընկերակցությունը հայտարարություն է տարածել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ » քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ իրականացված բռնության առնչությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Քաղական պատանդ (քաղբանտարկյալ), Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները եւս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունները Նիկոլին եւ մյուսներին պահում են բանտերում՝ որպես պատանդներ: Մեր ընկերակցության, ինչպես նաեւ հարյուրավոր իրավապաշտպան, հասարակական-քաղաքական կազմակերպությունների պահանջները` դադարեցնելու քաղաքական հետապնդումները Հայաստանում եւ ազատ արձակելու բոլոր քաղաքական բանտարկյալներին, առ այսօր չեն իրականացվել: Հակառակը, իշխանությունները շարունակում են քաղաքական հետապնդումները ինքնուրույնություն դրսեւորող ցանակացած լրագրողի, քաղաքական կազմակերպության եւ այլ քաղաքացիների նկատմամբ՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններն ու միջոցները: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվածը ապացույցն է այն բանի, որ գործող իշխանությունները, այսպես կոչված, արդարադատություն իրականացնելիս առաջնորդվում են ոչ թե օրենքներով,այլ հանցավոր աշխարհի կանոններով:
Իշխանությունների կողմից օրենքի եւ օրինականության դեմ կատարվող ոտնձգությունները հիմնականում ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման դեմ, ոչնչացնում են մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների երաշխավորումը, խոչընդոտում են ժողովրդավարական եւ իրավական պետության կայացման գործընթացներին:
Նկատի ունենալով, որ քաղաքական հետապնդումների իրականացումը, անարադարադատության բոլոր դրսեւորումները իրականացվում են քաղաքական իշխանությունների կողմից, հայտարարում ենք, որ իրականցվող ոտնձգությունների ամբողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի քաղաքական իշխանությունները:
Պահանջում ենք`
ա) անմիջապես դադարեցնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքների եւ դրա հետ կապված նրա լրագրողական եւ հասարակական գործունեության դադարեցումը պահանջող կամ ծրագրվող բոլոր գործողությունները,
բ) հետաքննել կատարված ոտնձգությունները եւ անցկացնել անկախ հետաքննություն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ,
գ) Անհապաղ ազատ արձակել քաղաքական պատանդ Նիկոլ Փաշինյանին»։





























