Իշխանություններն ընտրողներին կաշառել կարող են նաեւ այս ընտրությունների ժամանակ, բայց իրենց ուզածին չեն հասնի: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ թաղային «հեղինակություններն» ու օլիգարխներն օգտվել են երկրում տիրող աղքատությունից եւ անթաքույց գնում էին ընտրողների ձայները: Բայց մարդկանց մտածողությունը փոխվել է: Նրանք գիտակցում են առաջիկա ընտրությունների կարեւորությունը:
«Նորից ընտրողների ձայները գնելու արշավ է սկսվում: Արդյունքում խորհրդարանում կհայտնվեն մարդիկ, որոնք այնտեղ անելու բան չունեն: Այս գումարման խորհրդարանի 131 պատգամավորից 55-ն այդպես էլ ելույթ չունեցան դահլիճում: Այնպես որ՝ առաջվա նման փող կվերցնեն, բայց կքվեարկեն՝ ինչպես ուզում են: Եվ պետք չէ մարդկանց մեղադրել: Բնակչության ավելի քան մեկ երրորդն աղքատության մեջ է ապրում: Այդ պատճառով թող մարդիկ քվեարկեն՝ ում օգտին ուզում են, բայց իրենց որոշմամբ: Հասարակության մեջ սրա գիտակցությունն ավելանում է»,- ասաց Շահգելդյանը:



























