Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու գործն արդեն դատարանում է: Դատաքննությունը տեղի է ունենալու Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյա Ֆալանջյանի մայրը՝ տիկին Մարիետան նշեց, որ դժգոհ է նախաքննությունից: Նա նշեց, որ քրեական գորոծով նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ եւ լիարժեք: Հրաչյա Ֆալանջյանի իրավահաջորդի պաշտպանի՝ նախաքննական մարմնին ներկայացրած միջնորդությունն ավազակային հարձակման եւ Հրաչյայի մահվան գործով վարույթներն առանձնացնելու վերաբերյալ մերժվել են, որն էլ ապացում է՝ նախաքննությունն ընթացել է ոչ ամբողջական եւ օբյեկտիվ:
«Ասում են՝ ապացուցվել է, որ ինքնապաշտպանվել են, դրա համար էլ Հրաչյային հարվածներ են հասցրել: Իմ տղային սպանել են, որը որակվել է ինքնապաշտպանություն: Բացի այդ իմ տղան չէր կարող ավազակային հարձակում կատարել, դա կազմակերպել են եւ ես գիտեմ, թե դրա հետեւում ով է կանգնած»,-ասաց մայրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգար Մկրտչյանը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը կալանավորված է:



























