Լոռու մարզի Կուրթան գյուղում 2015թ. օգոստոսին 16-ամյա Վարդանի սպանության գործով կրկնակի դատահետքաբանական փորձաքննություն է նշանակվել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը:
Դատաքննությունն անորոշ ժամանակով հետաձգվել է, մինչեւ կստացվի փորձաքննության եզրակացությունը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության Սեյրան Գեւորգյանը 2015թ. օգոստոսի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած գաղտնի փականով դանակով մեկ անգամ հարվածել է Վարդանի որովայնին՝ պատճառելով ծակած-կտրած թափանցող վնասվածք եւ սպանել նրան:
Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:
Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում:



























