Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության եւ դրան հաջորդած դանակահարության պատճառը հայտնի է:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` փետրվարի 20-ին՝ ժամր 05:30-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Կ.Հովհաննիսյանը՝ որովայնի կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, Ա.Սարգսյանը՝ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք եւ Վ.Աբգարյանը՝ ձախ բազկի կտրած վերք, որովայնի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Նույն օրը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ից եւս ահազանգ է ստացվել, որ դեմքի, կրծքավանդակի եւ որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  Ա.Պարսամյանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ 4 անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եւ անմիջապես ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել մասնակիցների ինքնության վերաբերյալ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: