Լեռնային Ղարաբաղում խաղաղության ծրագրի հակառակորդները ՀԱԿ-ին պարտվողականության մեջ են մեղադրում, բայց իրենք չեն ցանկանում որեւէ բան առաջարկել: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ-ի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ոչ մեկը իրավունք չունի մսխելու այն, ինչը 90-ական թվականներին ձեռք է բերվել մարդկային մեծ զոհերի գնով: Որպես քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, որն այդ հաղթանակների ժամանակ իշխանության է եղել (ակներեւաբար նկատի ունի Հայոց համազգային շարժումը – խմբ.), համարձակություն ունի հայտարարելու խաղաղության անհրաժեշտության մասին՝ հանուն Հայաստանի հզորացման եւ իր հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի:

«Վերջին 10 տարում երկրի աշակերտների թիվը 100 հազարով պակասել է, իսկ վերջին 18 տարում նրանց թիվը կրճատվել է 602 հազարից մինչեւ 360 հազար: Անցյալ տարի երկրի քաղաքացիները գրին քարտի 140 հազար հայտ են ներկայացրել: Բոլոր նրանք, ովքեր խաղաղության կողմնակիցներին պարտվողական են անվանում, համարձակությունից զուրկ մարդիկ են: Նրանց պակասում է արժանապատվությունը եւ երկրի նկատմամբ պատասխանատվությունը: Նրանք չեն ջանում մարդկանց վստահությունը նվաճելու համար: Նրանք հենվում են կաշառքի եւ ահաբեկման վրա՝ ձեզ աշխատանքից կհանենք, ձեզ նպաստից կզրկենք: Հարկավոր է դուրս գալ այս մահաբեր ընդարմացումից: Հարկավոր է պահպանել, ինչի մասին երազել եք՝ միջազգային մանդատով Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից: Խաղաղություն է հաստատվում, նոր ճանապարհներ են բացվում, հայերը տուն են վերադառնում: Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բանակցային որոշման հիման վրա: Սա է Հայաստանի զարգացման ճանապարհը: Իրատեսական, ոչ ռոմանտիկ, ոչ ուռա-հայրենասիրական: Մեր պայքարը ոչ այնքան Ադրբեջանի դեմ է, որքան միջազգային կառույցների: Եթե նրանք խաղաղ լուծման հակվեն, պետք է նրանց կողմն անցնել, որպեսզի Ադրբեջանը մենակ մնա: Դա ներկայիս ղեկավարները չեն հասկանում: Բայց դրանով մենք կամրապնդենք ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,- ասաց Մանուկյանը:

Նա հիշեցրեց ՀԱԿ ղեկավար, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը՝ համաձայնագիրը պետք է ստորագրել անմիջապես հաղթողի կարգավիճակում: «Բայց նույնիսկ հիմա երկիրն առավելություններ ունի, որոնց հաշվին կարելի է կայուն խաղաղության հասնել, ըստ որում՝ չմոռանալով Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի մասին»,- հավելեց Արամ Մանուկյանը: