Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Հունաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամը հավերժական է անվանել՝ միեւնույն ժամանակ կարգավորման հույս հայտնելով:

«Հունական ճգնաժամը հավերժական է, բայց հույս ունեմ, որ այն կլուծվի»,- ասել է նա Բելգիայի խորհրդարանում ելույթ ունենալիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2009 թվականից Հունաստանը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է: Այս տարիներին պետական պարտքն աճել է ավելի քան 3 անգամ, իսկ ՀՆԱ-ն կրճատվել է 25 տոկոսով: Պետական պարտքի մարման համար Հունաստանը ստիպված էր միջազգային վարկավորողների հետ օգնության երրորդ ծրագրի հուշագիր ստորագրել, որի համաձայն՝ երկիրը վարկերի դիմաց պետք է կառուցվածքային բարեփոխումներ կատարի:

Հունաստանը փորձում է բարեփոխումների ընթացքի վերաբերյալ երկրորդ դրական գնահատականին արժանանալ, առանց որի Աթենքը չի կարող վարկեր ստանալ: Արժույթի միջազգային հիմնադրամն իր հերթին հայտարարել է, որ լիարժեք կմասնակցի Հունաստանի վարկավորման ծրագրին, եթե Աթենքը համաձայնվի մի շարք նոր բարեփոխումներին: