Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր հետապնդած որեւէ արդյունքի այս անիմաստ ու կեղծ տվյալներով հայտարարությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԵՄ պատգամավորների նկատմամբ իբր միջազգային հետախուզում հայտարարելուն:
ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներՖրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու եւսահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստ տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկ կալանավորելու որոշում է կայացրել եւ իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով:
Ադրբեջանին չի հաջողվելու հասնել իր հետապնդած որեւէ արդյունքի այս անիմաստ ու կեղծ տվյալներով հայտարարությամբ: Եվրախորհրդարանի պատգամավորները Ինտերպոլի բազայով հետախուզման մեջ չեն գտնվում,ինչպես արդեն պաշտոնապես հերքվել է ՀՀ ոստիկանության կողմից:
Ալեքսանդր Լապշինի գործին հակադարձ նախադեպի սկզբունքով միջազգային գործիչների ու լրագրողների այցերն Արցախ դառնալու են ավելի հաճախակի: Դրան նպաստելու են Ադրբեջանի հենց այսպիսի արատավոր քայլերը:
Դրա վառ ապացույցն էր ընդամենը մի քանի օր առաջ Արցախի նոր Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրից 104 միջազգային գործչի այցը Արցախ: Նրանք բոլորը, այդ թվում՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոխարուսը, Յարմիր Շտետինը իրական ժողովրդավարական արժեքներ կրող մարդիկ են:
Միջազգային հյուրերի այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու միշտ էլ կհամարվեն իրավաչափ:
Պետք է անդադար ու համառ աշխատանքով հասնել նրան, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի մեր հայրենիքիարցախյան հատվածն իր ժողովրդավարական ինստիտուտներով: Այդ ուղղությամբ պետք է աշխատենք միասնաբար ուկազմակերպված, աշխատենք օրուգիշեր՝ մեկս մյուսին լրացնելով ու առանց ջանք խնայելու:
Իմ կատարած աշխատանքով ու այս հայտարարությամբ պատասխանատու հանձնառություն եմ ստանձնում կարգավիճակի ու ռեսուրսների առավելագույն հնարավորություններով աշխատելու աշխարհում Արցախի ժողովրդավարական ճանաչումն ապահովելու ուղղությամբ:
Ժամանակն է իրավական վարկաբեկման ենթարկելու ու ոչնչացնելու «սեւ ցուցակ» կոչվող երեւույթը. ադրբեջանական որեւէ արատավոր քայլ չի կարող կանգնեցնել Արցախի ժողովրդավարական զարգացման ընթացքը:




























