ԱԺ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցողների ցուցակում կա 877 ընտրող: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԿԸՀ նիստում հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով, ընդունվել է ԱԺ ընտրություններին դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամների էլեկտրոնային քվեարկության կարգը:

«Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կարող են մասնակցել դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները: Միաժամանակ, քվեարկությանը կարող են մասնակցել օտարերկրյա պետություններում երկարատեւ գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաեւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն ընտրելու իրավունք»,-նշեց  ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ այդ ցուցակները պետք է ներկայացներին ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն:

Ըստ այդմ, ԱԳՆ-ի ներկայացրած ցուցակում ներկայացված են 268 ընտրող, իսկ ՊՆ-ի ներկայացրած ցուցակում՝ 609 ընտրող. նրանց ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում:

«Այդ ընտրողներին կառաքվեն ծրարներ, որտեղ տեղադրված է քվեարկության կարգի ուղեցույց եւ ծածկաշերտ ունեցող թվային կոդ, որը թույլ կտա նրան մուտք գործել համակարգ եւ մասնակցել ընտրություններին»,-ասաց Մուկուչյանը: