Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեջ կասկածվող Վարդան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Աշոտ Հովսեփյանը:

Վարդան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

«Խափանման միջոց դեռ չի ընտրվել, սակայն ամենայն հավանականությամբ, կալանքի միջնորդություն կներկայացվի դատարան»,- ասաց Աշոտ Հովսեփյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի  վայրի զննությամբ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ:  Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գյումրի քաղաքի 25-ամյա Վարդան Հովսեփյանը։

Կ. Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Հարցաքննվել մի շարք անձինք, նրանց թվում դեպքին ականատես վկա։

Նախաքննությունը շարունակվում է: