«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանն արդեն 10 օր շարունակում է հացադուլը: Այսօր՝ մարտի 3-ին, NEWS.am-ի խմբագրություն զանգահարած դատապարտյալը նշեց, որ մտադիր չէ դադարեցնել հացադուլը, մինչեւ իր պահանջը կատարվի՝ իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց: «Մտադիր չեմ դադարեցնել, շարունակելու եմ, մինչեւ իմ պահանջը կատարվի: Հացադուլս ընդամենը մեկ օր եմ դադարեցրել, վիճակս վատացել էր, բայց նորից վերսկսել եմ եւ մինչեւ վերջ գնալու եմ»,-ասաց նա: Արմեն Մկրտումյանը հացադուլի մեջ էր փետրվարի 10-20-ը, նա մեկ օրով դադարեցրել էր հացադուլը եւ նորից վերսկսել:
Ազատամարտիկը պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, սակայն, նրան չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» կամ քաղաքացիական հիվանդանոց: Նրա խոսքով՝ ճաղերի հետեւում է հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամենը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:
Արմեն Մկրտումյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում:



























