Այսօր՝ մարտի 3-ի առավոտյան 39 համարի երթուղու ավտոբուսի վարորդների գործադուլը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց գործադուլ հայտարարած վարորդներից մեկը՝ Արսեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իրենց տնօրենը գնացել է քաղաքապետարան, եւ նրանք խոստացել են լուծել այդ խնդիրը։
«Մեր գծի տնօրենը՝ Գրիգոր Ղուկասյանը այսօր գնացել է քաղաքապետարան։ Նա մեզ ասաց, որ խոստացել են հարցը լուծել, եւ ուղեւորներին դուրսը չթողելու համար կաշխատենք, բայց եթե 2 օրվա ընթացքում հարցը չլուծվի, ապա մենք կշարունակենք գործադուլը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից թիվ 39 երթուղու ավտոբուսի վարորդները գործադուլ էին հայտարարել։ Խնդիրը թիվ 12 ավտոբուսային երթուղու փոփոխության պատճառով էր, այն սկսել է նրանց երթուղով ընթանալ։ Դրա պատճառով նրանք սկսել են ավելի քիչ փող վաստակել։



























