Այսօր Արտաշատում միջադեպ է արձանագրվել երկու երիտասարդի միջեւ: Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Բայց քանի որ միջադեպը հետեւողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, հարկ ենք համարում մանրամասնել, չնայած ԶԼՄ-ների մեր բարեխիղճ գործընկերների հարցումներին արդեն իսկ պատասխանել ենք:

Վերոհիշյալ երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն: Կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել օդամղիչ ատրճանակ:

Միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել:

Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:

Կատարվում են համապատասխան գործողություններ:

Այսքանը՝ տասնյակ շարքային դեպքերից մեկը, որը շահարկվել է ինչ-ինչ նպատակներով:

Մեկ անգամ եւս կոչ ենք անում քաղաքական ուժերին, կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ ոչ հավաստի լուրեր տարածելուց, անտեղի կրքեր չբորբոքել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Ոստիկանությունը պատրաստ է պատասխանել բոլոր հարցումներին եւ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են զուտ իրականությունն իրազեկելու մեր քաղաքացիներին»,- նշել է նա: