«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզչության գլխավոր նպատակը լինելու է քաղաքացիներին հասցնել քաղաքական մեսիջը, որ Հայաստանի զարգացումն առանց խաղաղության հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ՀԱԿ գրասենյակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի ժամանակ նշել է ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով, ցանկացած ուժի կողմից ներկայացվող ցանկացած ծրագիր, որը կվերաբերի զարգացմանը եւ չի վերաբերի խաղաղությանը, իրականություն չի դառնա:
«Ցավոք, վերջին 19 տարին դրա ապացույցն է: Մեր ծրագրերն իրականություն դառնալու 100 տոկոս հնարավորություն ունեն, որովհետեւ մենք հասկանում ենք, որ առանց այդ ծրագրերի Հայաստանն ապագա չունի: Մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել սահմանադրության մեջ ամրագրված «սոցիալական պետությունը»: Իմ պատկերացմամբ, դա այն երկիրն է, որտեղ քաղաքացին ապահով ու ազատ է ապրում: Մյուս կողմից դա մի երկիր է, որտեղ քաղաքացին հնարավորություն ունի ազատ գործունեության արդյունքում բարեկեցիկ կյանքով ապրել: Այս խնդիրը չի լուծվում եւ չի լուծվելու»,-հայտարարեց Վահագն Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ դրա պատճառներից հիմականը խաղաղությունն է, բայց ամենակարեւորներից մեկն այն է, որ ստեղծվել է մի համակարգ, երբ ստեղծվող արդյունքի վերաբաշխման հետեւանքով բեւեռացում է տեղի ունեցել, համերաշխության փոխարեն հասարակությունում թշնամանք է առաջացել. «Կան մի խումբ հարուստներ եւ մեծ խումբ աղքատներ. դրա ապացույցն է 30 տոկոս աղքատությունը, 18 տոկոս գործազրկությունը, այն, որ մեր եկամուտների 90 տոկոսը ծախսում ենք ապրանքների եւ ծառայությունների համար»:
ՀԱԿ անդամի խոսքով, այս ամենը տեղի է ունեցել երկու պատճառով, նախ ընդունվել են այդպիսի օրենքներ, քանի որ ԱԺ-ում ընտրվել են մարդիկ, որ իրենց շահերն են սպասարկել, երկրորդը, դա տեղի է ունեցել օրենքների կոպիտ խախտումով. «Մենք պետք է կարողանանք այս արատավոր համակարգը փոխել: Գործող տնտեսական համակարգը չի բերում ժողովրդի զարգվածային մասի բարեկեցության բարձրացմանը: Այս համակարգը արդյունավետ է աշխատում միայն մի փոքր խմբի համար: Այս համակարգն արդյունավետ չէ պետության համար, քաղաքացիների համար, խաղաղություն հաստատելու համար»:



























