Ֆիլիպինների ոստիկանության նախկին ներկայացուցիչը, ով Դավաո քաղաքում ժամանակին ներառվել է «ոչնչացման թիմի» մեջ, երբ դրա քաղաքապետը երկրի ներկայիս նախագահ Ռոդրիգո Դուտերտեն էր, խոստովանել է, որ 200 մարդու է սպանել, հաղորդում է Reuters-ը։
Ֆիլիպինների սենատում երկուշաբթի օրը լսումների ժամանակ նախկին ոստիկան Արտուրո Լասկանասը պնդել է, որ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, երբ Դավաո քաղաքի քաղաքապետն էր, վճարել է այսպես կոչված «ոչնչացման թիմին» եւ հրամայել սպանել հանցագործներին։
Լասկանասն ասել է, որ անձամբ է սպանել 300 մարդու, որոնցից 200–ը՝ «ոչնչացման թիմի» կազմում։ Վերջին սպանությունը նա կատարել է 2015–ին։ Լասկանասը նաեւ պատմել է ներկայիս նախագահի երկու հակառակորդների սպանության մասին եւ հայտարարել, որ նրանց ոչնչացնելու հրահանգերը ստացել է Դուտերտեի թիկնապահներից։
Նախկին ոստիկանը խոստովանել է, որ հոկտեմբերին լսումների ժամանակ, երբ հանցագործների սպանությունը հետաքննում էր սենատը, կեղծ ցուցմունքներ է տվել։ Լասկանասը բացատրել է, որ խաբել է, որովհետեւ վախեցել է իր ընտանիքի համար, իսկ ոստիկանությունը նրան հրամայել էր հերքել:




























