Ապրիլյան պատերազմը նախերգանք էր, իմացեք, գնալով այդ վտանգն ավելանալու է, եթե խաղաղության ճանապարհը չընտրեք: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Չարենցավան քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Զուրաբյանը՝ դաշինքի ծրագիրը ներկայացնելիս:
Նրա խոսքով դաշինքն ընտրել է խաղաղության ճանապարհը, քանի ապրիլյան դեպքերը դեռեւս շարունակվելու միտում ունեն. «Մի վիճակի ենք հասել, որ ժողովրդին փողով, ստիպելով, առնելով տանում են ընտրության: Ու հիմնական լծակն այն է՝ իբր կուսակցությունների ընտրություն է լինելու, բայց թաքնված անձանց են խաղի մեջ մտցրել: Այդ անձինք ման են գալիս, ժողովրդին ինչ-որ խոստումներ են տալիս, ասում են՝ ես լավ տղա եմ, արի ինձ քվեարկի: Հետո պարզվում է, որ այդ լավ տղու համար քվեարկես, ուրեմն Հանրապետականին պիտի քվեարկես: Այսինքն՝ այս համակարգն այնպես է կառուցված, որ Հայաստանում իսպառ վերանում է քաղաքականությունը եւ իշխում է անձերի, փողերի զոռբայության պայքար: Դրա համար մեր խնդիրը շատ դժվար է, քանի որ այս վիճակում պետք է կարողանանք մեր ժողովդրին ցույց տալ ճիշտ ուղին»:
Լեւոն Զուրաբյանը չարենցավանցիներին հիշեցրեց քաղաքի նախկին արդյունաբերական գործարանների մասին, ինչին ի պատասխան քաղաքացիներից մեկը բացականչեց. «Ինչ ունեինք, քանդեցիք, հիմա մեր քաղաքը վատ գյուղից էլ վատ, թշվառ վիճակում է եւ երբեք էլ չի փոխվի»:
Չարենցավանցիների հոռետեսությանը Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Ինչո՞ւ չի ստացվի… Դուք անպայման կարդացեք այդ բուկլետները… Ձեր երկրի վրա կախված է պատերազմի վտանգ: Այդ ապրիլյան պատերազմը նախերգանք էր, իմացեք: Գնալով այդ վտանգն ավելանալու է: Ես անգամ մտածում եմ, որ Ադրբեջանը սպասում է՝ այս ընտրությունները լինի, որից հետո իր բոլոր սպառազինություններով լուրջ քայլերի է գնալու: Բայց սրա դեմը կարելի է առնել: Մեզ ընդամենը պետք է ժողովրդին ասել հետեւյալը՝ ձեր խնդիրների լուծումը խաղաղության ծրագիրն ընտրել է: Գնացեք քվեարկեք հանուն խաղաղության»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:































