Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ երեք տարի հետո կսկսվեն նավթի դեֆիցիտ ու մատակարարումների ընդհատումներ, քանի որ գների վերջին անկումից հետո նավթարդյունահանող երկրները այլեւս գումարներ չեն ներդնում այդ ոլորտում, հայտնում է Die Welt–ը։ Արդյունքում պետք է ակնկալել բենզինի ու դիզելային վառելիքի գների աճ, ասվում է ՄԷԳ կանխատեսման մեջ։

Նավթի շուկայում իրավիճակը  փոխվել է։ ՕՊԵԿ-ը երկար ժամանակ վարում էր արդյունահանման առավելագույն ծավալներ ապահովելու ռազմավարություն, որպեսզի ամերիկյան թերթաքարային նավթին թույլ չտար մտնել շուկա, ինչի հետեւանքով նավթի գները կտրուկ նվազել էին։ Իսկ անցած տարի ՕՊԵԿ-ն ու կազմակերպությունում չընդգրկված եւս 13 երկրներ որոշել են սահմանափակել արդյունահանման ծավալները ու արդյունքում գները բարձրացել են մինչեւ 55 դոլար, գրում է հեղինակը։ Նա նշում է, որ գների աճը շուտով կշարունակվի և բացատրում, թե ինչու։

Վերջերս նավթարդյունահանող երկրները ոչ մի ներդրում չեն արել ոլորտում, հետեւաբար անհասկանալի է, թե ինչպես են հաղթահարելու աճող պահանջարկի խնդիրը, որը հաստատ կառաջանա մոտ 2-3 տարի հետո։ Ըստ վերլուծաբանների՝ դեֆիցիտի խնդիրը կհասնի իր գագաթնակետին 2020-ին, երբ արդյունահանման հզորությունները կհասնեն վերջին 14 տարիների նվազագույն մակարդակին։

Եթե հիմա չձեռնարկվեն նոր նախագծեր՝ ապա 2020-ից հետո նավթի առաջարկը չի կարող համապատասխանել պահանջարկին։ Բնականաբար ԱՄՆ-ն, ՕՊԵԿ-ի մի շարք անդամներ՝ Իրանը , Իրաքն ու ՄԱԷ-ն, կբարձրացնեն արտադրության ծավալները, բայց դա բավարար չի լինի գները ներկա մակարդակի վրա պահելու համար, առավել եւս որ Ռուսաստանը լավագույն դեպքում կպահպանի այսօրվա ծավալները, իսկ Նիգերիան, Ալժիրն ու Վենեսուելան ենթադրաբար կկրճատեն արդյունահանումը։