Մալայզիայի ԱԳՆ ղեկավար Անիֆա Ամանը խոստացել է ամենամոտ ժամանակներում բանակցություններ սկսել Փխենյանի հետ` Մալայզիայի քաղաքացիների հետ կապված խնդրի լուծման համար: Նրանց արգելվել է լքել Հյուսիսային Կորեայի տարածքը: Այս մասին նախարարն ասել է նրանց հարազատների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով` այժմ «ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հետ շփումն իրականացվում է միայն Փհենյանում գտնվող դեսպանատան միջոցով»: «Դիվանագետների եւ նրանց ընտանիքի անդամների խնդիրների հետ կապված պաշտոնական խորհրդակցությունները կսկսվեն ամենամոտ ժամանակներս»,- նշել է ԱԳՆ ղեկավարը` ընդգծելով, որ «հյուսիսկորեացիները երաշխավորել են Մալայզիայի քաղաքացիների անվտանգությունը»:

Հյուսիսային Կորեայի եւ Մալայզիայի միջեւ դիվանագիտական հակամարտության պատճառ է դարձել փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանությունը: