Լուրերը, թե աշխարհում թափ է հավաքում «խոզի գրիպի» մուտացիայի ենթարկված H3N2 նոր վիրուսը, հորինված են եւ իրականությանը չեն համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:

«Ես մի քանի ժամ առաջ եմ վերադարձել Միացյալ Նահանգների մի գիտաժողովից։ Բոստոնում էին հավաքվել ամբողջ աշխարհի համաճարակաբանները։ Հիմար բաներ են խոսում, ոչ մի «խոզի գրիպ» էլ չկա։ Կրկնում եմ, ես նոր եմ վերադարձել ԱՄՆ-ից եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ այդ մասին։ Եթե նման բան լիներ, ես կիմանայի։ Այս տարի H1N1-ի մեզ հասնելու վտանգ չկա: Ավելին այսօրվա դրությամբ աշխարհի որեւէ երկրում գրիպի համաճարակ չկա»,- ընդգծեց Ասոյանը։

Ամփոփելով՝ Հանրապետության գլխավոր համաճարակաբանը նկատեց, որ վաղ է խոսել անգամ սեզոնային գրիպի զանգվածային բռնկումների մասին. «Սեզոնային գրիպի պիկը, մեր դիտարկումներով, դեռ առջեւում է՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին»:

Նշենք, որ չնայած Արա Ասոյանի այսքան ստույգ հավաստիացումներին՝ ամբողջ աշխարհի բժիշկներն ահազանգում են, որ «խոզի գրիպը» կամ H1N1-ը մուտացիայի է ենթարկվել՝ վերափոխվելով H3N2 նոր վիրուսի։

Ներկայումս այդ վիրուսը հայտնաբերվել է ԱՄՆ Իլինոյս նահանգում բնակվող մի 7 ամսական երեխայի եւ Փենսիլվանիայի 46-ամյա բնակչի մոտ, գրում է «Տրուդը»։

Նոր գրիպը բաղկացած է միանգամից երեք վիրուսներից,  այն  կազմված է նախկին վիրուսների երեք կտորներից, սակայն այն ուրիշ է գենի կառուցվածքով։

H1N1 վիրուսը Մեքսիկայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում հայտնաբերվել էր 2009 թվականին, որտեղ գրանցվել էին մահվան ելքով առաջին դեպքերը։

Նույն տարվա ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «խոզի գրիպի» համաճարակ էր հայտարարել՝ աստճանաբար բարձրացնելով դրա վտանգավորության աստիճանը։