Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տնից անցած տարվա հունվարին կատարված գողությունը դեռ չի բացահայտվել։

«Դեռեւս ոչ մի բան չի բացահայտվել»,– NEWS.am–ին ասաց մարզպետը։

Հարցին՝ կան արդյոք կասկածյալներ, Հովիկ Աբովյանը միեւնույն պատասխանը տվեց՝ բացահայտում չկա։

Նշենք, որ դեպքից մոտ մեկ ամիս անց տեղեկություններ տարածվեցին, թե գործով ձերբակալվել է զինվորական։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։

Թե ինչու իրավապահ մարմինները չեն կարողանում գտնել գողություն կատարած անձին կամ անձանց, պարզ չէ, հատկապես որ խոսվում էր, որ մարզպետի տանը տեսախցիկներ են եղել տեղադրված։

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։