Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը այսօր եւ նախորդ մի քանի օրերին աշխատանքի չի եկել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ծառայության մամլո պատասխանտու Լուսինե Թովմասյանը: Նա նշեց, որ որքան իրեն հայտնի է, Խաչիկյանի բացակայության պատճառը նրա առողջական վիճակն է՝ նա հիվանդ է: Թե առողջական ի՞նչ խնդիրներ ունի Խաչիկյանը՝ հայտնի չէ:
Նշենք, որ ըստ մամուլի այսօրվա հրապարակումների, Խաչիկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել իր ղեկավարած «յուղոտ» կառույցում եւ բազմաթիվ աղաղակող չարաշահումներ հայտնաբերել: Ըստ լուրերի՝ ստուգումների արդյունքներին ծանոթանալուց հետո Խաչիկյանի ճնշումը կտրուկ բարձրացել է, առողջական այլ շեղումներ են ի հայտ եկել եւ նա հրաժարականի դիմում է գրել ու հեռացել Մոսկվա: NEWS.am-ին նախարարությունից այդպես էլ չպատասխանեցին՝ Խաչիկյանն արդյոք հրաժարականի դիմում գրե՞լ է եւ որտեղ է նա հիմա: Նախարարության հասարակայության հետ կապերի բաժնից ասացին, որ լուրը ճշտենք ծառայության մամլո պատասխանատուից: Նա էլ կասկածանքով ասաց, որ Խաչիկյանը Հաաստանում է, ինչ վերաբերում է հրաժարականի դիմումին, ապա որեւէ դիմումի մասին ինքը տեղյակ չէ: «Մենք էլ թերթից իմացանք այդ մասին»,-ասաց ծառայության մամուլի պատասխանատուն եւ առաջարկեց դիմել նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին:





























