Միջազգային էներգետիկ գործակալությունը վերջին յոթ տարիներին  նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումները բարձրացրել է օրական միջինը 800 հազար բարելով ու ընթացիկ տարում հնարավոր է դարձյալ կբարձրացնի, գրում է The Wall Street Journal ամսագիրը՝ վկայակոչելով  վերլուծաբաններին։

«Վերջին տարիներին պահանջարկի կանխատեսումները բարձրացման կայուն միտում ունեն ու ես կարծում եմ, որ այս տարին էլ բացառություն չի լինի»,- համարում է Tortoise Capital Advisors –ի մենեջեր Ռոբ Թամմելը ։

Նավթի արդյունահանումը կրճատելու մասին՝ ՕՊԵԿ-ի որոշումից հետո այս տարի շուկան հատուկ ուշադրությամբ է հետեւում առաջարկի ու պահանջարկի հավասարակշռությանը։ Նավթի ավելցուկը շուկայում գնահատվում է ընդհանուր ծավալի 1-2 տոկոսի չափով, իսկ եթե պահանջարկը այս տարի եւս 1 տոկոսով ավելանա, դա կնշանակի, որ ՕՊԵԿ-ը հասել է իր նպատակին ու կարողացել է հավասարակշռել շուկան։ Միջազգային էնեգետիկ գործակալության վերջին կանխատեսումներով՝ 2017-ին նավթի համաշխարհային պահանջարկը կավելանա օրական 1․4 մլն բարելով՝ այսինքն 1․6 տոկոսով՝ 2016-ին գրանցված աճի համեմատ։