Արտասահմանցի զբոսաշրջիկների 12 հոգանոց խումբը Պերուում ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանցից ոմանք գրություն են թողել հնագույն Կուսկո քաղաքի ճարտարապետական հուշարձանների վրա: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Վանդալների օբյեկտ է դարձել ինկերի քաղաքակրթության ժամանակ կառուցված պատը, ինչպես նաեւ հնագույն շենքերից մեկի ճակատը:

«Ամենայն հավանականությամբ, ձերբակալվածներն այնտեղ գրել են իրենց անունները, բայդ դա դեռեւս հետաքննության առարկա է: Ոմանք ընդունում են, որ փչացրել են պատերը, ոմանք՝ ոչ: Նրանց մեղքի չափը կորոշի հետաքննությունը», - հայտարարել է  իրավապահ մարմինների ներկայացուցիչ Պեդրո Փերես Վասկեսը:

 Ոստիկանությունը ենթադրում է, որ իրավախախտումը կատարելիս զբոսաշրջիկները գտնվել են թմրանյութերի ազդեցության տակ: Ձերբակալվածների թվում 11 արգենտինացիներ են եւ մեկ կոլումբիացի:

Պերուի հարավ-արեւմտայան լեռներում գտնվող Կուսկո քաղաքը համարվում է ինկերի հարավամերիկյան կայսրության ամենակարեւոր կենտրոններից մեկը: