2016թ. բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին բանակում ծեծի ենթարկվելու հետեւանքով հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված 19-ամյա Արթուր Հակոբյանի առողջական վիճակը համեմատաբար կարգավորվել է: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուրի հորաքույրը՝ տիկին Ռիտան: Նա նշեց, որ Արթուրն այս պահին դադարեցրել է  դեղորայքային բուժումը եւ դեղաբույսերով է բուժվում:

«Արդեն լավ է, դեղաբույսեր եմ տալիս, համեմատաբար լավ է, վիճակը կարգավորվել է: Երկար ժամանակ է մոռացել ենք՝ ինչ է շտապօգնությունը, նոպաները դադարել են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արթուր Հակոբյանին զորամասից տեղափոխել էին «Նուբարաշենի» հոգեբուժարան, որից հետո հարազատների պահանջով նրան տեղափոխել էին տուն:

Արթուր Հակոբյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործը, որը կարճվել է: