Մրցակցության խնդիրները բազմազան են եւ կարող են առնչվել ամենատարբեր ոլորտների, սակայն ժամանակին համընթաց առաջ են գալիս նոր ոլորտներ, որտեղ կարգավորման անհրաժեշտություն է առաջանում: Այս մասին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է Քիշնեւում կայացած ԱՊՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների համատեղ նիստին:

«Խոսքը մասնավորապես վերաբերում է այսօր մեր Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում գտնվող էլեկտրոնային առեւտրի ոլորտին: Ինչպես գիտեք, այն բավականին արդիական եւ արագ տեմպերով զարգացող դաշտ է: Սակայն զարգացմանը զուգընթաց առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում սպառողների շահերի վրա: Մեր կառույցը տասնյակ բողոքներ է ստացել այն մասին, որ օնլայն հարթակներով, այլ կերպ ասած ինտերնետային խանութների միջոցով կազմակերպվող առեւտուրը հաճախ մոլորեցման տարրեր է պարունակում: Ներկայացվում է մի ապրանք, սակայն այն պատվիրելուց եւ ստանալուց հետո պարզվում է, որ թե արտաքին տեսքով եւ թե որակի առումով ապրանքի նախնական նկարագրության հետ որեւէ առնչություն չունի»,-ասել է նա:

Ա. Շաբոյանը նշեց նաեւ, որ նման երեւույթները բացասաբար են անդրադառնում ոչ միայն սպառողների շահերի վրա, այլ դրանք անհավասար պայմաններ են ստեղծում նաեւ բարեխիղճ պայմաններով աշխատող այլ տնտեսվարողների համար: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարը նշել է, որ վերջինների շահերը պաշտպանելու եւ նման խնդիրները կանոնակարգելու նպատակով, առաջիկա ամիսներին այս ոլորտը լինելու է ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում: