Էդուարդո Էռնեկյանի հոլդինգը դիտարկում է բիզնես գաղափարներ Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի համար։ Այս մասին NEWS.am -ի թղթակցին ասել է հոլդինգի մենեջերներից մեկը՝ Խուան Պաբլո Գեչիջյանը։
ՀԻշեցնենք, որ Էռնեկյանի (արգենտինահայ միլիարդատեր) հոլդինգը այդ շենքը ՀՀ Կառավարությունից ձեռք էր բերել 50․4 մլն դոլարով։ Այդ նույն հոլդինգն անվճար կառուցել էր նոր կառավարական կորպուս ՝ նախկինից ոչ հեռու, որտեղ տեղակայվել են ԱԳՆ-ն, Սփյուռքի նախարարությունը ու Կրթության նախարարության գիտության հարցերով պետական կոմիտեն։
Հիմա հոլդինգը քննարկում է հին շենքի հետ կապված հնարավոր գաղափարներ։ «Մենք հավաքում ենք հնարավոր բիզնես գաղափարներ։ Դեռ փաստ չէ, որ այնտեղ հյուրանոց կլինի։ Մենք դեռ քննարկումների սկզբնական փուլում ենք, նույնիսկ դրանց ավարտման ժամկետների հարցում չենք կողմնորոշվել»,- հայտնել է Գեչիջյանը։




























