Հայաստանում հարցման ենթարկվածների 81 տոկոսը դրական են գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը։ Այս մասին մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Հայաստանում Gallup International Association-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով քաղաքական կուսակցությունների ու դաշինքների ցուցանիշները՝ ըստ նախընտրական սոցիոլոգիական հարցման արդյունքների, որը տեղի է ունեցել մարտի 12-19-ը՝ ՀՀ 10 մարզում եւ Երեւանի բոլոր շրջաններում։

Նրա խոսքով՝  Կարեն Կարապետյանի գործունեությունը «լիովին դրական» են գնահատում հարցման ենթարկվածների 25,1 տոկոսը, «ամենայն հավանականությամբ՝ դրական» 55 տոկոսը, «ամենայն հավանականությամբ՝ բացասական» 10 տոկոսը, «բոլորովին բացասական» ՝4,5 տոկոսը, իսկ 4,8 տոկոսը դժվարացել է պատասխանել։

«Այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Կառավարության աշխատանքը՝ «լիարժեք դրական» պատասխանն են տվել 10,9 տոկոսը, «ամենայն հավանականությամբ՝ դրական» 48,5 տոկոսը, «ամենայն հավանականությամբ՝ բացասական» 22,3 տոկոսը, «բոլորովին բացասական»՝ 12,5 տոկոսը, դժվարացել է պատասխանել 5,9 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, 59,4 տոկոսը դրական է գնահատել նոր Կառավարության աշխատանքը», - ընդգծել է Նավասարդյանը։