EITI ստանդարտի ներդրումը համահունչ է կառավարության որդեգրած բաց եւ թափանցիկ գործելաոճին: Այս մասին, աօսր՝ մարտի 24-ին, Հայաստանի Հանրապետության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ:

«Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկը՝  հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական մարմինների եւ արդյունահանող կազմակերպությունների աշխատանքը՝ առավել հաշվետու, իսկ Հայաստանի քաղաքացուն՝ առավել կոմպետենտ եւ տեղեկացված: Սրանք միանգամայն համահունչ են կառավարության որդեգրած բաց եւ թափանցիկ գործելաոճին եւ հանդիսանում են մեր կողմից իրականացվող բարեփոխումների բաղկացուցիչ մասը», -ասել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը կարեւոր եւ բարդ ոլորտ է, որտեղ խաչվում են հանրային ակնկալիքները, գործարարի շահը եւ պետության կայուն զարգացման գերակայությունները: «Մեզ համար կարեւորը հավասարակշռության այն բանաձեւը գտնելն է, որով կստեղծվի բոլորի համար թափանցիկ եւ արդյունավետ կառավարվող դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ՝ միջազգային լավագույն փորձի եւ ստանդարտների կիրառմամբ», - նշել է կառավարության ղեկավարը՝ կարեւորելով ԱՃԹՆ  հարթակի ձեւավորումը: Վարչապետն ասել է, որ կառավարության, արդյունահանող ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված բազմաշահառու խումբը՝ նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, մեկ տարում լիովին կատարել է իր առջեւ դրված խնդիրները, ինչի արդյունքում ՀՀ-ն ստացավ ԱՃԹՆ թեկնածու անդամի կարգավիճակ: «Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ ԱՃԹՆ  անդամակցությունը միջոց է, բայց ոչ վերջնանպատակ: Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հաջորդ փուլի աշխատանքներին, որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Խնդիրն ավելի հստակ ձեւակերպելով՝ առաջիկա մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ՝ ԱՃԹՆ ստանդարտին համապատասխան զեկույցով եւ հասարակությանը հասանելի ամբողջական ու մատչելի տեղեկատվությամբ: Իսկ որպես հեռանկարային նպատակ՝ հարթակը կարող է ծառայել նաեւ ԱՃԹՆ ստանդարտի պահանջներից դուրս՝ որպես միջազգային լավագույն փորձի եւ պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարն ամրապնդող ներուժ Հայաստանում», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին կատարված աշխատանքներին ցուցաբերած աջակցության եւ գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամություն հայտնելու համար:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կարեւորելով EITI/ԱՃԹՆ  ստանդարտի ներդրումը, նշել է, որ այն հնարավորություն կտա ավելի  լայն եւ ինստիտուցիոնալ հիմքով ապահովել ՀՀ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը հանքարդյունաբերության ոլորտում, որի առնչությամբ առկա է սահմանադրական կարեւոր դրույթ՝ ընդերքը պետական սեփականություն է: «Որպես բազմաշահառու խմբի անդամ՝ կարող եմ պնդել, որ Հայաստանում ներդրվում է միանգամայն նոր, նախադեպը չունեցող կոլեկտիվ կառավարման մշակույթ: Հասնելով EITI-ին անդամակցելու մեր նպատակին՝ այժմ պետք է անցնենք ծրագիրն իրականացնելու պատասխանատու փուլին: Այսուհետ, իմ միակ հորդորը կլինի այն, որ աշխատանքում մինչեւ վերջ առաջնորդվենք մեկ ընդհանուր նպատակով՝ երկրում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմամբ», - ասել է Դավիթ Հարությունյանը:

Իր ելույթում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է Հայաստանի՝ ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու կապակցությամբ. «Ամենակարեւորը, սակայն, ԱՃԹՆ անդամ դառնալը չէ, այլ այն հանձնառությունը, որ ստանձնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը եւ հանքարդյունաբերության ոլորտը, այն է՝ շարունակաբար միավորել իրենց ջանքերը առավել մեծ թափանցիկություն ապահովելու եւ մաքուր, պատասխանատու եւ ինքնաբավ հանքարդյունաբերության զարգացմանը նպաստելու համար»:

ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու կապակցությամբ շնորհավորական ելույթ են ունեցել նաեւ Հայաստանում Միացիալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը եւ Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը: Միջազգային գործընկերները վերահաստատել են Հայաստանում ԱՃԹՆ ներդրման գործընթացին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: