Ոստիկանների դեմ բռնություն կիրառելու գործը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հովածի 1-ին մասով քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ Ա.Մ.-ն եւ Դ.Ս.-ն 2017 թվականի մարտի 13-ին կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա.Ս-ի նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, իսկ Հ.Չ-ն կյանքի եւ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիք է տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա.Ս-ին եւ նրա եղբորը՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչին՝ չենթարկվելով վերջիններիս իրավաչափ եւ օրինական պահանջներին՝ մոտեցել է իրեն պատկանող ավտոմեքենային, սրահից վերցրել գազային ատրճանակը, վերալիցքավորել այն, պահել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ եւ տվել սպառնալիքներ։

2017 թվականի մարտի 14-ին Հ.Չ-ն, Դ.Ս-նը եւ Ա.Մ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են, 16.03.2017 թվականին վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, միաժամանակ դատարանի որոշմամբ կալանքից գրավով ազատվելը ճանաչվել է թույլատրելի:

Նախաքննության ընթացքում Հ.Չ-ն հաղորդում է տվել այն մասին, որ միջադեպի ժամանակ ոստիկանության աշխատակիցների եւ իր ընկերներ Դ.Ս-ի ու Ա.Մ-ի միջեւ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում վիճաբանության մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին։