Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար բարվոք, կանխատեսելի ու թափանցիկ դաշտի ապահովմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ հանդիպման ժամանակ նշել է Վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Կարեն Կարապետյանը կարեւորել է ԵՆԲ-ի փոխգործակցությունը նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ եւ ավելացրել, որ կառավարությունը որդեգրել է հստակ քաղաքականություն՝ իրականացնելու բարեփոխումներ բացառապես բոլոր ոլորտներում: «Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար բարվոք, կանխատեսելի ու թափանցիկ դաշտի ապահովմանը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վազիլ Հուդակն ընդգծել է, որ ԵՆԲ-ն շահագրգռված է շարունակելու ՀՀ կառավարության հետ համագործակցությունը նախանշված բոլոր ուղղություններով. ծրագրեր կիրականացվեն գործարար հատվածի համար՝ համայնքներում տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Հուդակը նշել է, որ այդ ուղղությամբ արդյունավետ քննարկումներ են ունեցել նաեւ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ:
Կարեն Կարապետյանը ողջունել է սերտ փոխգործակցության ուղղությամբ ԵՆԲ-ի պատրաստակամությունը եւ ավելացրել, որ կառավարությունը նախատեսում է մարզային համայնքների կառավարման լուրջ բարեփոխումներ, որոնք թույլ կտան բարձրացնել արդյունավետությունն ու թափանցիկությունը, տարբեր պետական ծառայություններում ներգրավել մասնավոր ներդրողների եւ այլն:




























