Մենք գտնվում ենք Հայաստանում, որտեղ չի կարելի որեւէ բան բացառել: Մարտի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող իր հնարավոր կալանքի մասին տեղեկությունները: 

«Ինձ այդ մասին ասել են, բայց քարոզարշավի ընթացքում ժամանակը չի բավականացնում նման կենցաղային հարցերին եւ ինտրիգներին ուշադրություն դարձնելու համար: Գիտեք, որ ես քաղաքականության մեջ նոր մարդ եմ, սակայն շատ արագ մխրճվեցի իրավիճակի մեջ եւ ստեղծեցի այն գրագետ ու նվիրված մարդկանց շրջանակը, որոնց հետ աշխատում եմ: Կարծում եմ, որ այս ամենն ապատեղեկատվություն է: Ես շրջագայում եմ Հայաստանում, քաղաքական գործընթացների կենտրոնում եմ, եւ եթե նման տեղեկություններ լինեին, ապա աջ ոլորտի ներկայացուցիչներից մեկնումեկը գոնե մեկ անգամ դրան կանդրադառնար: Սակայն մենք Հայաստանում ենք գտնվում, եւ ոչ մի բան չի բացառվում»: