Շրջանառության մեջ կդրվեն հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նարնց եւս մեկ անգամ ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները, իրավական կարգավորումները եւ անհրաժեշտ գործողությունները՝ արտադրական պրոցեսները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար, մասնավորապես՝ հացի արտադրությանը, մակնշմանը եւ տեղափոխմանը ներկայացվող պահանջները:
Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ Ծառայության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հաց արտադրողներին ներկայացրել է Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջները, մասնավորապես՝ արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերը, համաձայն որոնց 2017թ. հունվարի 2-ից հացը ենթակա է համապատասխանության հայտարարագրման:
Դանիելյանը անդրադարձել է հացի եւ հացաբուլկեղենի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներին` ներկայացնելով դրանց ներկայացվող պահանջները: Նա զգուշացրել է, որ կամայական փոխադրամիջոցներով հացի եւ հացամթերքի տեղափոխումն այլեւս անընդունելի է՝ տեղեկացնելով, որ շուտով շրջանառության մեջ կդրվեն սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր: Միաժամանակ արտադրողներին ներկայացվել են սննդամթերքի փաթեթավորման նյութերին, բեռնարկղերին եւ հաց, հացաբուլկեղեն առաքող անձանց ներկայացվող պահանջները:
Բանախոսը արտադրողներին նաեւ հորդորել է, հացի ու հացամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումք եւ օժանդակ նյութեր (խմորիչներ, բարելավիչներ, սննդային հավելումներ եւ այլ բաղադրիչներ) ձեռք բերելիս, անպայման պահանջել եւ ունենալ դրանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր (համապատասխանության հավաստագրեր) եւ ձեռք բերման փաստաթղթեր՝ հետագծելիությունը ապահովելու նպատակով:
Բոլոր մասնակիցներին տրամադրվել են չփաթեթավորված հացի հետ առաքվող տեղեկատվական թերթիկի օրինակելի ձեւերը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները:
Հանդիպումները ունենալու են շարունակական բնույթ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: Ծառայությունը հետեւողական է լինելու ՀՀ օրենսդրությամբ ներկայացված պահանջների կատարման նկատմամբ:




























