Արցախում այսօր՝ մարտի 28-ին, զոհված ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

28.03.2017 թվականին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

20-ամյա Արտակ Ռաֆայելյանն հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Նա ունի իրենից փոքր եղբայր, որն այս տարի է զորակոչվել բանակ:

Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: