Ամերիկացի երաժիշտ ու բանաստեղծ Բոբ Դիլանը այնուամենայնիվ որոշել է վերցնել իր Նոբելյան մրցանակը։ Նախօրեին Նոբելյան կոմիտեն խնդրել էր Բոբ Դիլանին ավելի արագ կողմնորոշվել ու նշել, որ 839 հազար եվրոյին համարժեք մրցանակը ստանալու վերջնաժամկետը հունիսի 10-ն է լինելու։
Դիլանը մարտի 29-ին արձագանքել է ու պատրաստակամություն հայտնել ստանալ իր մրցանակը ապրիլի 2-ին, այդ օրերին նա Ստոկհոլմում համերգ է տալու։ Ընդ որում երաժիշտը դեմ է ավելորդ ականատեսների ու լրագրողների ներկայությանը։ Ներկա կլինի մարդկանց միայն «նեղ շրջանակ»։
ՀԻշեցնենք, որ Բոբ Դիլանը 2016-ին Նոբելյան մրցանակաբաշխության դափնեկիր էր դարձել գրականության բնագավառում՝ «ամերիկյան երգի ավանդույթներում բանաստեղծական արտահայտչականության նոր ուղղություն ստեղծելու համար»։ Սակայն երաժիշտը չէր ներկայացել դեկտեմբերի 10-ին կայացած մրցանակաբաշխության արարողությանը եւ հետագա ամիսներին չէր արձագանքել մրցանակը վերցնելու մասին հաղորդագրություններին։




























