Աշխարհահռչակ սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը Հայաստանում է: «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր` նոյեմբերի 15-ի, ժամը 19:30 –ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աշխարհահռչակ երաժիշտը հանդես կգա իր նոր` «Ալկոհոլ» համերգային ծրագրով:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց Բրեգովիչը, համերգի ժամանակ կհնչի ֆիլմերի համար գրված երաժշտություն, ինչպես նաեւ մի քանի երգ «Կարմեն. Երջանիկ ավարտ» օպերայից, որոշ գործեր «Պատարագից» եւ երկու մասից բաղկացած նոր «Ալկոհոլ» ձայնագրությունից:
Ի դեպ, նույն համերգային ծրագրով Բրեգովիչը այս տարի ելույթ է ունեցել նաւ Նյու-Յորքում, Փարիզում, Լոնդոնում: Հայաստանից հետո Բրեգովիչը համերգային ծրագրով կլինի Կիպրոսի թուրքական հատվածում:
Նշենք, որ Գորան Բրեգովիչը Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակն է, որոնց թվում են «Սպիտակ կատու Սև կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։




























